Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՈՒժի յուրաքանչյուր կենտրոն կնախընտրի խաղալ մի քանի գործընկերոջ հետ միաժամանակ

ՈՒժի յուրաքանչյուր կենտրոն կնախընտրի  խաղալ մի քանի գործընկերոջ հետ միաժամանակ
02.11.2012 | 12:45

Բալկանների նոր և նորագույն պատմությունը լավ հայտնի է: Այդ տարածաշրջանը քանիցս դարձել է եվրոպական ու համաշխարհային իրադարձությունների ծավալման ասպարեզ, այստեղ տարածաշրջանային և ավելի խոշոր հակամարտությունների օջախներ են բռնկել:
Հարավսլավիայի փլուզման և հետագա իրադարձությունների` օրինակարգ համարվող նպատակն էր թույլ չտալ, որ նախկին Հարավսլավիայի բուն կենտրոնում ստեղծվի խոշոր և զորեղ տարածաշրջանային մի պետություն` Սերբիա, որը վերահսկեր Բոսնիայի մի մասը` դեպի Ադրիատիկ ելքով, այսինքն` Չեռնոգորիան, ինչպես նաև Կոսովոն, ինչն աշխարհաքաղաքական առավելություններ կապահովեր սերբերի համար: Ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին պետք չէր այնպիսի Սերբիա, որը հանդես գար իբրև բալկանյան առաջատար, գերիշխող պետություն, իբրև եվրոպական աշխարհամասում ուժի ևս մեկ կենտրոն: Ներկայումս Բալկաններում սլավոնների գերիշխանությանը վերջ է տրված, քանի որ Բուլղարիան զգալիորեն թուլացած է և ի վիճակի չէ անգամ պաշտպանելու իր ազգային շահերը երկրի ներսում, Հարավսլավիայի փոխարեն ստեղծվել են աննշան ու քաղաքականապես թույլ պետություններ: Բացի այդ, երկու կաթոլիկ երկրներ` Հորվաթիան ու Սլովենիան, միայն ձևականորեն են սլավոնական աշխարհին պատկանում: Սերբիան և Բուլղարիան «գոյաբանական» հակառակորդներ են, նրանց միջև խիստ երկիմաստ տեղ է գրավում Մակեդոնիան, որին նրանք երկուսն էլ հավակնում են, Հորվաթիան ու Սերբիան մտադրություն հանդես չեն բերում կարգավորելու և կառուցելու իրենց հարաբերությունները` նույնիսկ հաշվի առնելով եվրոպական կողմնորոշումը: Ռումինիան` Սերբիայի նկատմամբ այդ քիչ թե շատ բարեկամական պետությունը, ավելի ու ավելի է ներքաշվում Մոլդովայի ու Տրանսիլվանիայի խնդիրների մեջ, այսինքն, այսպես թե այնպես, «թույլ լարվածությամբ» առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Հունգարիայի հետ: Հունաստանը, որը 90-ականներին ջանում էր դառնալ բալկանյան երկրների միասնական դիրքորոշման եթե ոչ առաջատարը, ապա գոնե շարժիչ ուժը` թուրքական տնտեսական և քաղաքական նվաճողականության սպառնալիքի դեմ հանդիման, հիմա, երևի, այդ հարցով ոգևորված չէ։ Ալբանիան և Կոսովոն, հայտնվելով Արևմուտքի քաղաքականության հովանավորյալների դերում, չնայած Եվրոպայի ու ԱՄՆ-ի աջակցությանը, որոշակիորեն շրջափակված են բալկանյան երկրների կողմից, անկախ նրանց վերաբերմունքից Սերբիայի ու նրա շահերի նկատմամբ: Ալբանիան և Բոսնիան (նկատի ունենալով սրա մահմեդական մասը), շարունակելով ինչ-որ չափով շահարկել Թուրքիայի շահագրգռությունն ու նրա հետ «համագործակցությունը», իրականում միարժեքորեն ընտրել են եվրոպական ուղին, և նրանց քիչ է հետաքրքրում մի այնպիսի քաղաքական «ժամանակավրեպ» հանգամանք, ինչպիսին «նեոօսմանիզմն» է: Երեք առավել փոքր երկրներ` Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սլովենիան, դեռևս ինքնաբավություն չեն ապահովել և ավելի շուտ կներկայացնեն եվրոպական քաղաքական ներկապնակը, քան ինքնուրույն պետության կարգավիճակ: Ինքնիշխան պետությունների կողքին, որոնք ունեն բազում-բազմաթիվ քաղաքական ու տնտեսական խնդիրներ, և որոնց միջև առկա քաղաքական խնդիրները բնավ էլ լուծված չեն, կան մի շարք ազգային «կղզյակներ», որոնք շարունակում են ներկայացնել տարբեր կարգի պահանջներ ու հավակնություններ: Ներկա Բալկանները խիստ պայթյունավտանգ մի նյութ է, և եթե Եվրոպան ու ԱՄՆ-ը նախկինում պատրաստ էին լուծելու նրանց հետ կապված տարբեր հարցեր, այժմ Բալկաններից ակնկալվում է ոչ թե պահանջների առաջադրում, այլ առավելագույնս կայուն ու համեստ վարքագիծ: Բալկաններն առայժմ Արևմտյան ընկերակցության ուժի կենտրոնների կողմից ավելի շուտ դիտարկվում է իբրև քաղաքականապես «պահուստավորված» տարածաշրջան, որը դեռ անելիքներ ունի: Հասկանալի է դարձել, որ վաղ թե ուշ, իսկ ավելի ճիշտ` շատ շուտով, բալկանյան բոլոր պետությունները կհայտնվեն ՆԱՏՕ-ի կազմում ու Եվրամիությունում: Իսկ առայժմ Բալկաններում Եվրոպայի «վերջին» էական խնդիրը մնում է Սերբիան, բայց դատելով ըստ ամենայնի, Սերբիան պատրաստ է պատմական զիջումների դիմելու` Եվրատլանտյան կառույցներ ընդունվելու համար: Ընդ որում, Բալկաններում Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը կհասցվեն նվազագույնի և կսահմանափակվեն միայն էներգետիկ ենթակառուցվածքով: Բալկանների այդ վեկտորները, անտարակույս, կմեծացնեն Ռուսաստանի առանձնացումը Եվրասիայի շրջանակներում և Ռուսաստանի է՛լ ավելի մեծ շփումը եվրասիական աշխարհաքաղաքական գաղափարների ու նախագծերի հետ:
Ներկայումս եվրոպական շահերի համար Բալկանների գործառույթները կարելի է բաժանել հետևյալ կերպ։
Բալկանյան երկրներում, ինչպես Արևմտյան Եվրոպայում, ժողովրդագրական ճգնաժամ է, բայց դրանք տնտեսապես զարգացած պետությունների կողմից դիտվում են որպես, նախ և առաջ, աշխատուժի աղբյուր, որը կարող է փոխարինել Հյուսիսային Աֆրիկայից, Թուրքիայից և առավելապես մահմեդական բնակչություն ունեցող այլ երկրներից եկող աշխատուժի հոսքին: Բալկաններից Եվրոպան ստանում է քաղաքակրթական ու ռասայական պատկանելությամբ մոտ, բավականին կրթված, մասնագիտական արժեքավոր հմտություններով օժտված, սոցիալապես համեմատաբար հեշտ ինտեգրվող մարդիկ: Ճիշտ է, Ռումինիան և Բուլղարիան գաղթականների հոսքի հարցում խտրականություն չցուցաբերեցին, ինչը շոկ դարձավ Արևմտյան Եվրոպայի երկրների համար, բայց այդ խնդիրը կարելի է կարգավորել: Որոշ գնահատականների համաձայն, ժամանակի ընթացքում տնտեսական ներգաղթը Բալկաններից կարող է հանգեցնել տարածաշրջանի երկրների բնակչության 20-40 տոկոս կրճատման, բայց դա թույլ կտա լուծել տնտեսական խնդիրներ և այնքան էլ չի անհանգստացնում քաղաքական վերնախավին:
Բալկանյան երկրների մյուս կարևոր գործառույթը կարող է դառնալ գյուղատնտեսական լայն մասնագիտացումը, և Բալկանները կարող է դառնալ հսկայական ծավալի գյուղմթերքների մատակարար, ինչը կհանգեցնի գների նվազման: Դա, իհարկե, դժգոհություն կառաջացնի եվրոպական մյուս երկրների ֆերմերների շրջանում, բայց և հնարավորություն կտա մեծացնելու Եվրամիության ինքնապահովումը: Դա նաև կփոխարինի Թուրքիայից և ուրիշ շատ երկրներից ներմուծվող այլ մթերքները: Բալկանները հույս ունի ստանալու լուրջ ներդրումներ, բայց Եվրոպան հազիվ թե շահագրգռված լինի այդ երկրներում ծանր արդյունաբերության և էներգատար ճյուղերի զարգացմամբ: ՈՒստի կարելի է սպասել, որ ժամանակի ընթացքում ագրարային հատվածը եվրոպական տարածաշրջանային մասնագիտացման բնույթ կկրի:
Բալկանների առավել հրատապ աշխարհատնտեսական խնդիրը եվրոպական շահերի շրջանակներում էներգետիկ հաղորդուղիների զարգացումն է, ինչի հետ կապված տարածաշրջանը, փաստորեն, հայտնվել է քաղաքական և աշխարհաքաղաքական լայն պայքարի կիզակետում: Այդ ասպարեզում մատակարարների և սպառողների դերում հանդես են գալիս տասնյակ պետություններ ու խոշորագույն ընկերություններ: Եվրոպայի առաջատար պետությունները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան և Իրանը իրենց դիրքորոշումն արտահայտում են, բայց դեռևս հասկանալի չեն այս կամ այն նախագծի հեռանկարները: Այս հանգամանքը Բալկաններին է վերադարձնում աշխարհաքաղաքական առանցքային տարածաշրջանի դերը, բայց, դրա հետ մեկտեղ, տարածաշրջանը հայտնվել է ռազմավարությունների ու շահերի բախման գոտում, և դա թույլ չի տալիս արագ որոշումներ կայացնել և իրականացնել այդ էներգետիկ նախագծերը:
Ներկայումս էներգահաղորդուղիների ամերիկյան և բրիտանական նախագծողները, ինչպես նաև նրանք, ովքեր կոչված են ապահովելու այդ նախագծերի քաղաքական աջակցությունը, մտորում են այնպիսի ունիվերսալ լուծումների մշակման վրա, որոնք հնարավորություն կտային կրճատելու Եվրոպայի կախումը Թուրքիայի և Բալկանների տարածքներով գազի ներմուծումից: Այս կապակցությամբ առաջարկվում է Թուրքիայի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո այն մղել մի քանի երթուղով և Բալկանների երկրներով անցկացնել երեք հիմնական գիծ: Այս ամենը, առայժմ, շատ կասկածելի է թվում ու հազիվ թե նման սխեման հնարավորություն տա էապես նվազեցնելու վտանգները, սակայն այլ ելք չկա: Արևմտյան Եվրոպայում բրիտանացիներն ու ամերիկացիները, այնուամենայնիվ, կցանկանային հաղթահարել կախումը ռուսական վառելիքի մատակարարումից: Թուրքիան ևս արդեն չի համարվում նպաստավոր գործընկեր նավթի ու գազի տարանցման գործում, ինչը հանգեցրել է Կասպից ծովի ավազանից դեպի Արևմուտք ձգվող առանց բացառության բոլոր գազամուղների ու նավթամուղների քաղաքական դերի նվազման: Վերջին ժամանակներս, որպես վառելիքի տարանցման գործընկերոջ` Թուրքիայի հուսալիության նկատմամբ կասկածներին զուգընթաց, վտանգների առնչությամբ ոչ այնքան բարենպաստ գնահատականներ են լսվում Բալկանների վերաբերյալ: Համարվում է, որ Բալկաններն էլ անհուսալի է դարձել ՈՒկրաինայի նման, որին կարողացան հեշտորեն ներքաշել գազի համընդգրկուն շանտաժի մեջ: Առհասարակ, Արևմտյան Եվրոպայի փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել «սլավոնական գործոնի» մասին` որպես աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական շատ աննպաստ հանգամանքի: Այս կապակցությամբ շատ հնարավոր է, որ ռումինական երթուղիներն առավել նպաստավորը դառնան Սև ծով-կովկասյան տարածաշրջանից նավթի ու գազի փոխադրման համար, իսկ բուլղարական և սերբական երթուղիները դառնան նվազ ցանկալի: Դա, իր հերթին, կարող է հանգեցնել տարածաշրջանային հակասությունների սրման:
Չնայած Ռուսաստանին ուզում են առավելագույնս դուրս մղել Բալկաններից, վերջինս իր դիրքերը վերադարձնելու մտադրություններից չի հրաժարվում, հույսը դնելով իր տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև հենվելով պատմական անցյալի, սլավոնական և ուղղափառ ժառանգության ընդհանրության վրա: Այս բոլոր գործոնները հաջողությամբ աշխատում են, բայց այդ երկրների քաղաքական վերնախավերը, բացի Սերբիայից և, մասամբ, Հունաստանից, չեն ձգտում Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու, քան պահանջվում է կոնկրետ տնտեսական նախագծերի իրականացման շրջանակներում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բուլղարիան կամ Մակեդոնիան, հակառուսական տրամադրությունները, փաստորեն, վերացել են (թեև կան նաև Ռուսաստանի հետևողական հակառակորդներ) և որոշ քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ աշխատում են վերադարձնել Ռուսաստանի դիրքերը Բուլղարիայում և ամբողջությամբ վերցրած Բալկաններում: Միաժամանակ, այդ կուսակցություններն ու կազմակերպությունները ունեն միանգամայն որոշակի հակաթուրքական ուղղվածություն: Հնարավոր է, որ Ռուսաստանին հաջողվի էլ վերադարձնել որոշ նախկին դիրքեր, եթե Մոսկվայի ռուսական վերնախավերը շեշտը դնեն ոչ միայն տնտեսական նպատակահարմարության, այլև շահերի ավելի լայն ոլորտների վրա: Բայց առայժմ ռուս քաղգործիչներից անհնար է սպասել նման լայնախոհություն։
Հետաքրքրություն է ներկայացնում Բալկաններում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության հնարավորությունը: Ռուսաստանն ու Թուրքիան հավասարապես մերժյալներ են դարձել Եվրոպայի և առհասարակ Արևմուտքի համար, պահանջներ են առաջադրում և ձգտում են իրացնել իրենց հավակնություններն արևմտյան ուղղությամբ, երկու պետություններն էլ ունեն Բալկաններում իրենց դիրքերը վերադարձնելու կոնկրետ ձգտում: Նրանք հասկանում են, որ այդ տարածաշրջանում իրենց դիրքերի վերականգնումը հնարավորություն կընձեռի ավելի սերտ համագործակցություն ապահովելու Եվրոպայի հետ, և նրանք, իհարկե, տարբեր մոտեցումներով ջանում են հաստատել իրենց դիրքերը Բալկաններում, որն ակտիվորեն ինտեգրվում է Եվրատլանտյան կառույցներին: Պետք է ասել, որ Բալկանների ուղղությամբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առայժմ ավելի շատ հակասություններ կան, քան համագործակցության հնարավորություններ: Նախ և առաջ, այդ հակասությունները նկատվում են նավթամուղների ու գազամուղների նախագծման և կառուցման ասպարեզում: Թուրքիային ամենից շատ նյարդայնացրել են Ռուսաստանի փորձերը` շրջանցելով սևծովյան նեղուցները, նավթամուղը գցելու Բուլղարիայի և Հունաստանի տարածքով, նախագիծ, որը հաջողությամբ ձախողվեց Բուլղարիայի կողմից` Արևմուտքի մասնակցությամբ:
Եթե մի այնպիսի կարևոր տարածաշրջան, ինչպիսին Կովկասն է, Ռուսաստանի և Թուրքիայի նվաճողամտության պայմաններում չդառնա Արևմուտքի կողմից իր դիրքերի պաշտպանության ասպարեզ, և եթե նույնիսկ Արևմուտքը փորձի պահել Կովկասը, ապա դա տեղի կունենա առանց ավելորդ դրամատիկության, իսկ Բալկանները, անտարակույս, կդառնա մի կողմից Արևմուտքի մյուս կողմից` Ռուսաստանի և Թուրքիայի լուրջ բախման ասպարեզ, ինչը կհանգեցնի լարված հակամարտության: Շատ բան կախված կլինի նրանից, թե ում կընտրի Ռուսաստանը որպես առաջնային գործընկեր Եվրոպայի հետ իր հարաբերությունների կառուցման գործում` Թուրքիայի՞ն, թե՞ ավելի կարևոր գործընկերների` Ֆրանսիային ու Գերմանիային: Եթե ուշադրության առնենք, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անպայման կմիջամտեն, որպեսզի ռուս-թուրքական դաշնազույգի ստեղծում, կամ, համենայն դեպս, բալկանյան ուղղությամբ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում թույլ չտան, ապա հազիվ թե Ռուսաստանը կարողանա իրեն թույլ տալ հանդես գալ ի հակակշիռ Եվրոպայի` Թուրքիայի հետ սերտ գործընկերությամբ: Ամեն դեպքում, այդ տարածաշրջանում սպասվում է աշխարհաքաղաքական բնույթի խաղ, և գործընկերային ոչ մի «փունջ» չի կարող «բացարձակ» բնույթ կրել: ՈՒժի յուրաքանչյուր կենտրոն կնախընտրի խաղալ մի քանի գործընկերոջ հետ միաժամանակ, և Բալկաններում այդ բազմավեկտոր քաղաքականությունը կշարունակվի:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ